Պարզվում է` Հայաստանում կա ևս մեկ շրջիկ, միգուցե` «ուրախ», ավտոբուս:
Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ունի այդպիսին: Այդ ավտոբուսով Հարկադիրի պայմանական թորոսյանարմենները շրջում են Հայաստանի հեռավոր շրջաններում: Իսկ ի՞նչ նպատակ է հետապնդում «շրջիկ» Հարկադիրը:
Հարկադիրի էջից տեղեկանում ենք, որ «Հարկադիր կատարման ոլորտում ձեզ հուզող հարցերով կարող եք դիմել և տեղում ստանալ ձեր հարցերի պատասխանները»:
Ուրեմն, Հարկադիրը բոլոր մարզերում և խոշոր քաղաքներում բաժիններ ունի: Օրինակ` Հարկադիրը Սիսիան քաղաքի Ադամյան 35 հասցեում բաժին ունի, սակայն դա չի խանգարել Հարկադիրի «շրջիկներին» երկու օր առաջ այցելել Սիսիան և սիսիանցիների «հուզող հարցերին պատասխանել»: Լավ, այդ դեպքում ինչո՞վ են զբաղվում Հարկադիրի Սիսիանի բաժնի աշխատակիցները:
Փաստորեն, ունենալով մարզային բաժիններ, Հարկադիրը լրացուցիչ գումար և ռեսուրսներ է ծախսում, Երևանից մարզեր աշխատակիցներ ուղարկում, որպեսզի վերջիններս կատարեն մարզային աշխատակիցների աշխատանքը: Ահա, այսպես են վատնվում Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ «հերոս հարկատուների» գումարները:
Հիշեցնեմ` 2025 թվականի դրությամբ, Հայաստանի պետական պարտքը 12 միլիարդ 842 միլիոն դոլար է կազմել:
Կարեն Հեքիմյան